Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը BOLD Business 2031-ի շրջանակում մասնակցել է պանելային քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա հինգ տարիներին բիզնես միջավայրի զարգացման հիմնական միտումները, տեխնոլոգիական փոփոխությունները, թվայնացումը, արհեստական բանականության կիրառումը և պետություն-բիզնես հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև նոր իրողություններին համապատասխան բիզնես միջավայրի ձևավորման հնարավորությունները։
ՊԵԿ նախագահը, անդրադառնալով առաջիկա տարիների գլոբալ փոփոխություններին, առանձնացրել է համաշխարհային տնտեսության բազմակենտրոնացումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, արհեստական բանականության ազդեցությունը և պետություն-բիզնես հարաբերությունների փոխակերպման անհրաժեշտությունը։ «Արհեստական բանականությունը պետք է դիտարկել ոչ թե մարդու դերին հակադրող, այլ նրա արտադրողականությունն ու ստեղծարար ներուժը մեծացնող գործիք՝ հնարավորություն տալով մարդուն ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակույթին, գիտությանը և կրթությանը»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։
Խոսելով հարկային վարչարարության ապագայի մասին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ արհեստական բանականության գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները։ Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ նպատակն է անցում կատարել խախտումների բացահայտման և տուգանման վրա հիմնված մոտեցումից դեպի կանխարգելիչ վարչարարություն և հարկային կամավոր կարգապահության ձևավորում՝ հարկային գործընթացները դարձնելով առավել արագ, կանխատեսելի և արդյունավետ։
«Հարկային վարչարարությունը դառնում է կանխարգելիչ․ մենք վարչարարությունը տանում ենք դեպի կամավոր կարգապահություն, իսկ արհեստական բանականությունը լայն հնարավորություն է տալիս այս տեսլականը շատ արագ կյանքի կոչելու»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։ Որպես Հայաստանի մրցունակության գլխավոր մարտահրավեր՝ ՊԵԿ նախագահն առանձնացրել է տնտեսության բացությունն ու կապերի դիվերսիֆիկացումը՝ տարածաշրջանային և միջազգային համակարգերի հետ առավել սերտ ինտեգրման միջոցով։ Այս համատեքստում կարևորվել է երկրների միջև հարկային և մաքսային թվային համակարգերի կապակցումը, ինչը բիզնեսի համար կապահովի տվյալների փոխանակման և նոր շուկաներում գործունեությունը դիվերսիֆիկացնելու ամուր թվային հիմք։ ՊԵԿ նախագահն ընդգծել է նաև պետական համակարգերում առկա տվյալների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ բիզնեսից նույն տեղեկատվությունը տարբեր պետական մարմիններին բազմակի չպահանջելու և հնարավոր ռիսկերը նախապես գնահատելու համար։ Ըստ նրա՝ պետությունը պետք է ոչ միայն արձանագրի խախտումները, այլև տվյալների վերլուծության միջոցով նախապես գնահատի ռիսկերը և աջակցի բիզնեսին՝ դրանք կանխելու և խախտումներից խուսափելու հարցում։ միաժամանակ, վարչարարությունը դարձնելով ավելի կանխարգելիչ և արդյունավետ։
Բիզնեսին ուղղված եզրափակիչ խոսքում Էդուարդ Հակոբյանը կարևորել է կազմակերպությունների հստակ տեսլականի և առաքելության ձևակերպումը՝ նշելով, որ ՊԵԿ-ն ունի իր տեսլականն ու առաքելությունը և գործունեությունը կառուցում է դրանց հիման վրա։ Կոմիտեի ղեկավարը նաև ընդգծել է արհեստական բանականության հնարավորություններից օգտվելու և Հայաստանի սահմաններից դուրս մտածելու անհրաժեշտությունը՝ միջազգային շուկաներում հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու համար։



