ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացման, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և միջազգային առևտրի դյուրացման գործում։
Քննարկվել են ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի առաջընթացը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները, ներկայացվել են գրանցված առաջընթացները, ինչպես նաև Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը։
Հատուկ անդրադարձ է կատարվել «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» ծրագրին, առաջիկայում այն ստորագրելու հնարավորությանը, ինչպես նաև դրա առանձին տրանշ կազմող մաքսային լաբորատորիայի տեխնիկատնտեսական ուսումնասիրության վերջնականացմանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՎԶԵԲ-ի հետ իրականացվող նոր ծրագրերը, ինչպես նաև Ախուրիկի, Երասխի և Մարգարայի նոր սահմանային անցակետերի կառուցման ծրագիրը և իրականացվող աշխատանքները։
Քննարկման ավարտին կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու պատրաստակամությունը՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և ՀՀ տնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից։



