Տնտեսագետ

ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են «REnForce» ծրագրի հանդիպմանը և ճանաչողական այցին Չեխիայում

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

ԵՄ «Էրազմուս+»-ի «Աշխատուժի ներուժի հզորացումը վերականգնվող էներգիայի ոլորտում» (REnForce) ծրագրի շրջանակում ս. թ. հոկտեմբերի 18-23-ը ՀՊՏՀ և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ներկայացուցիչները Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքում՝ «Շկոդա Ավտո» բարձրագույն դպրոցում, մասնակցել են ծրագրի համակարգման հանդիպմանը և ճանաչողական այցին։

ՀՊՏՀ-ից այցին մասնակցել են Ֆոնդահայթայթման և ծրագրերի իրականացման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը և դասախոս Լիդա Դիլբարյանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են քոլեջների աշխատանքը «REnForce» ծրագրի շրջանակում՝ մասնավորապես անդրադառնալով փորձառության կազմակերպման խնդիրներին։ Լուսինե Կարապետյանն իր ելույթում ներկայացրել է քոլեջի՝ փորձառության կազմակերպման ուղղությամբ իրականացրած աշխատանքները։

Այցի ընթացքում քննարկվել են մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև կապի արդյունավետության բարձրացման ուղիները, ինչպես նաև ներկայացվել է Չեխիայի փորձը։ Անդրադարձ է կատարվել նաև արևային էներգիայի ոլորտի մասնակիցների ասոցիացիայի ստեղծմանն առնչվող հարցերին։ Չեխական համանման ասոցիացիայի ներկայացուցիչը մանրամասնել է դրա նպատակները, առկա խնդիրներն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Մասնակիցներն այցելել են «Շկոդա Ավտո» գործարանի կրթական կենտրոն, որտեղ ներկայացվել է աշխատատեղերի պահանջներին համապատասխան ուսանողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը։

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները եվրոպական գործընկերների հետ քննարկել են նաև հետագա համագործակցության խորացման հնարավորությունները՝ «Էրազմուս+»-ի շրջանակում նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top