ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության կիրառման հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև երկու երկրների համապատասխան քաղաքականությունների և ռազմավարությունների զարգացման ուղղություններն ու փորձը։
Կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական լուծումները կարող են նպաստել զբոսաշրջային ծառայությունների անհատականացմանը, այցելուների փորձառության բարելավմանը, զբոսաշրջային հոսքերի արդյունավետ կառավարմանը և ոլորտի ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։
Քննարկվել են նաև զբոսաշրջության թվայնացման գործընթացում առկա մարտահրավերները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային տեխնոլոգիական միջոցառումների կազմակերպման Հայաստանի փորձին։ Մասնավորապես, քննարկվել է «Seaside Startup Summit Armenia»-ի փորձը, որին այս տարի Չեռնոգորիան մասնակցել է բարձր մակարդակով։ Կողմերը կարևորել են նման միջոցառումների նշանակությունը տեխնոլոգիական և զբոսաշրջային ոլորտների միջև համագործակցության խթանման, նորարարական գաղափարների փոխանակման և միջազգային կապերի ընդլայնման գործում։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունների և համատեղ նախաձեռնությունների վերաբերյալ։



