Եվրամիության խորհուրդն այսօր պաշտոնապես ընդունեց Հայաստանի համար ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների (ATM) մասին կանոնակարգը, ըստ որի՝ երկու տարով կվերացվեն ԵՄ ներմուծման մաքսատուրքերը հայկական արտադրանքի համար։
Այս որոշմամբ Եվրամիությունը կասեցնում է մաքսատուրքերը Հայաստանից ներկրվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ սակագնային քվոտաների ենթակա առանձին գյուղատնտեսական արտադրատեսակների նկատմամբ։
ԵՄ խորհուրդը նշել է, որ միջոցը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ մեղմելու Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների հետևանքները։
«[Եվրոպական- խմբ.] շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»,- ասել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսին Հայաստան այցի ժամանակ։
Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ սահմանափակել էր Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումը, ինչից հետո Եվրահանձնաժողովը ներկայացրել էր այս նախաձեռնությունը։
Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին իր ելույթում նշել է, որ ԵՄ-ն այս քայլով ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի ժողովրդին, որն ընտրել է եվրոպամետ ուղին։
«Այսօրվա որոշումը կօգնի առևտրային սահմանափակումներից տուժած Հայաստանի տնտեսությանը, և ցույց է տալիս, որ մեր գործընկերները միշտ կարող են հույս դնել ԵՄ-ի վրա», — ասել է նա։
ԵՄ խորհրդի գնահատմամբ՝ ժամանակավոր առևտրային միջոցները համահունչ են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի նպատակներին։
Կարևոր է նշել, որ մաքսատուրքերի չեղարկումը դեռևս չի նշանակում որակի ստանդարտների չեղարկում:
Հայաստանի արտահանողները պարտավոր կլինեն ներկայացնել ԵՄ արտահանվող ապրանքների ծագման փաստաթղթերը և պահպանել բուսասանիտարական խիստ կանոնները (լաբորատոր կանոններ, ապրանքների սերտիֆիկացիա և այլն)։
Ըստ երևույթին, ԵՄ գյուղմթերք կկարողանան արտահանել միայն այն ընկերությունները, որոնք ունեն պատշաճ որակ ապահովելու և վերահսկելու կարողություններ։ Դրանցից որոշները Եվրամիության տարբեր ծրագրերով արդիականացրել են իրենց արտադրանքն ու համապատասխանեցրել Եվրամիության պահանջներին։



