ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է «Let’s Marry» ծրագրի պաշտոնապես մեկնարկին: Ծրագրի նպատակն է թվային լուծումների և ԱԲ գործիքների ներդրմամբ խթանել ավանդական ագրոբիզնեսով զբաղվող կանանց ձեռներեցության աճը, բարձրացնել մրցունակությունն ու ապահովել ելք դեպի նոր շուկաներ:
Ծրագիրն իրականացվում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GITC) «SheCan» նախաձեռնության շրջանակում՝ GIZ-ի DT4SME ծրագրի աջակցությամբ և «EDIH KYIV HITECH»-ի հետ համատեղ։
Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը, միջոցառման բացմանը հանդես գալով ելույթով, ընդգծել է, որ կին ձեռներեցների համար գլխավոր խոչընդոտը հաճախ ոչ թե հավակնությունների կամ տաղանդի պակասն է, այլ անհրաժեշտ թվային լուծումներին հասանելիություն ապահովող գործուն կամուրջների բացակայությունը:
Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ նա շեշտել է, որ թվայնացումն ու արհեստական բանականության ինտեգրումը նախարարության ռազմավարական առանցքային ուղղություններից են։ Ըստ նախարարի տեղակալի՝ ծրագրի շրջանակում նախատեսվող արագ արձագանքման և գործնական պիլոտային լուծումների ներդրման ձևաչափը լավագույնս արտացոլում է կանանց ձեռներեցության խթանմանն ու տեխնոլոգիական զարգացմանը միտված պետական քաղաքականության տեսլականը։
Տաթև Ասլանյանը համոզմունք է հայտնել, որ հայ ձեռներեց կանայք ունեն մեծ ներուժ. գործնական աջակցության և անհրաժեշտ գործիքակազմի տրամադրման պարագայում նրանք կարող են հաջողությամբ իրենց բիզնեսը դարձնել մրցունակ և դուրս բերել միջազգային շուկաներ:



