Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը երեկ ներկայացրել է պատմության մեջ առաջին թռչող մեքենան։ Մասկը հայտարարել է, մեքենան կարող է թռչել․ մի հնարավորություն, որը երկար ժամանակ համարվում էր գիտական ֆանտաստիկայի կամ մուլտֆիլմերի տարր։
SpaceX-ին՝ Մասկի մյուս հանրային ընկերությանը պատկանող տեխասյան փորձարկման կենտրոնում կայացած շնորհանդեսի ժամանակ նա ցուցադրեց Tesla-ի նոր Roadster-ը՝ երկտեղանի սպորտային մեքենան։
CNN-ի փոխանցմամբ, այն ոչ միայն կարող է 0-ից մինչև 60 մղոն/ժ արագություն զարգացնել ռեկորդային՝ մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում, այլև, ինչպես նշել է Մասկը, օգտագործում է մեքենայի տակ ստեղծվող ներծծող ուժը՝ զառիթափ թեքահարթակով վեր բարձրանալու և գլխիվայր կախված մնալու համար, որից հետո պոկվում է թեքահարթակից, օդում շրջվում և օդային շիթերի օգնությամբ վայրէջք կատարում։
Ցուցադրության ընթացքում մեքենայի ղեկին վարորդ չի եղել․ Մասկը հավաքվածներին բացատրել է՝ դա արվել է «համոզվելու համար, որ ոչ ոքի չենք սպանի»։
Մեքենան օգտագործում է 10 փողակ և, ինչպես Մասկն է բնորոշել, «գերբարձր ճնշման օդային բալոններ»՝ շարժման մեջ դրվելու համար․ դրանք ծառայում են թե՛ օդում տեղաշարժվելուն, թե՛ գետնի վրա արագ արագացում ապահովելուն։ Նա այս տեխնոլոգիան որակել է որպես «աշխարհի լավագույն ավտոարտադրողի և աշխարհի լավագույն հրթիռաշինական ընկերության համագործակցության արդյունք»։



