Տնտեսագետ

Ակբա բանկն ամփոփել է «Համապատասխանության և էթիկայի շաբաթը»

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Ակբա բանկն ամփոփել է «Համապատասխանության և էթիկայի շաբաթը», որի առանցքում ժամանակակից բիզնես միջավայրում էթիկական վարքագծի, պատասխանատու որոշումների կայացման և համապատասխանության մշակույթի ամրապնդման կարևորությունն էր:

Միջոցառման առանձնահատկություններից էր Ակբա բանկի բոլոր շահակիցներին մեկ հարթակում համախմբելը. մասնակցում էին բանկի խորհրդի անդամներ, ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև կարգավորող մարմնի  ներկայացուցիչներ և ոլորտային այլ մասնակիցներ:

Նախաձեռնության հիմնական նպատակն էր ամրապնդել համապատասխանության և էթիկական վարքագծի մշակույթը Ակբա բանկի խմբում և դրանից դուրս՝ նպաստելով վերջինիս տարածմանը բանկային համակարգում և մասնավոր հատվածում։

Միջոցառման շրջանակում կայացել է նաև «Էթիկայի և վարքագծի միտումներն ու մարտահրավերները» թեմայով պանելային քննարկում, որի հատուկ հյուրն էր Համապատասխանության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Թիմ Թայլերը։

Միջոցառման շրջանակում Ակբա բանկի և «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի միջև ստորագրվել է նաև ռազմավարական գործընկերության հուշագիր: Այն նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը համապատասխանության և ներքին աուդիտի ոլորտներում, խթանել մասնագիտական փորձի փոխանակումն ու նպաստել համապատասխանության մշակույթի զարգացմանը:

«Համապատասխանության կարգավորումները, ըստ էության, միտված են ներքին մշակույթի ձևավորմանը, և այդ մշակույթը կազմակերպության ներսում դառնում է առաջնային։ Կարելի է գերազանց տիրապետել էթիկայի և վարքագծի բոլոր կանոններին, սակայն առանց այդ մշակույթը կրելու անխուսափելիորեն կառաջանան հակասություններ։ Համապատասխանության մշակույթի ամրապնդումը ոչ միայն նպաստում է կազմակերպության զարգացմանը, այլև ձևավորում է վստահության և պատասխանատվության նոր չափանիշներ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Բանկի համար համապատասխանությունն ու էթիկան կարևոր նշանակություն ունեն․ դրանք սահմանում են, թե ըստ կանոնների ինչն է ճիշտ, ինչն է համապատասխանում էթիկական չափանիշներին և որն է լավագույն լուծումը մեր հաճախորդների, կազմակերպության և բաժնետերերի շահերի տեսանկյունից։ Սա խորքային փոփոխություն է, որը ենթադրում է ոչ միայն ներքին կանոնակարգերի վերանայում, այլև մտածելակերպի արմատական փոփոխություն»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։

«Էթիկան և պատշաճ վարքագիծը Ակբա բանկի համար նորություն չեն։ Դրանք բանկում ձևավորվել են տարիների ընթացքում։ Ես այստեղ եմ ժամանել Մեծ Բրիտանիայից՝ Համապատասխանության միջազգային ասոցիացիայից։  Տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել աշխատելու տարբեր երկրներում և բազմաթիվ բանկերի հետ, սակայն կարող եմ ասել, որ այսօր այստեղ տեսածը իսկապես եզակի և նորարարական է։ Մեկ հարթակում համախմբվել են բանկի խորհրդի անդամները, բանկի ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև ոլորտի այլ մասնակիցներ և կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Ես նախկինում նման բան չեմ տեսել։ Եվ կարծում եմ՝ հրաշալի է, որ բանկն անում է սա»,- նշել է Համապատասխանության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Թիմ Թայլերը։

«Ակբա բանկն իսկապես մեծ գործ է անում. այսպիսի միջոցառումը հենց մասնավոր հատվածի կողմից է կազմակերպված, որն առաջինն է կամ ամենախոշորներից մեկն է։ Սա կարևոր է, որովհետև առիթ է տալիս քննարկելու այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են համապատասխանության մշակույթը, էթիկան, բարեվարքությունը։ Մենք բաց խոսում ենք այս ամենի մասին և ամենակարևորն այն է, որ մասնավորը, պետությունը և ստանդարտներ մշակողները միասին կարողանում են ազատ հաղորդակցվել»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

 «Համապատասխանության գործառույթի պատշաճ ներդրումը վարակիչ է լինելու նաև բոլոր բանկերի համար, իսկ Ակբա բանկը նման մարտահրավեր և խնդիր է դրել իր առջև։ Ֆինանսական բոլոր կազմակերպությունները վաղ թե ուշ առնչվելու են նման գործառույթի հետ և որքան բարձր մակարդակով լինի համապատասխանության գործառույթը նրանց մոտ, այդքան շահելու է համակարգը։ Մենք Ակբա բանկը համարում ենք մեր բանկային համակարգի առաջամարտիկներից և լոկոմոտիվներից մեկը»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top