Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ նախկին առավելությունները, որոնց վրա երկար ժամանակ կառուցվել էր ԵՄ տնտեսական մոդելը, այդ թվում՝ ներմուծվող էժան էներգիան, այլևս գոյություն չունեն։ rbc.ru-ի հաղորդմամբ, նա այս հայտարարությունն արել է Փարիզում կայացած բիզնես ֆորումում ելույթի ժամանակ։
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կորցրել է իր վստահությունը, և որտեղ խաղի կանոնները փոխվում են», — ասել է նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով, եվրոպական տնտեսական մոդելը երկար ժամանակ հենվել է մի քանի գործոնների վրա՝ ներմուծվող էժան էներգիա, բաց համաշխարհային առևտուր, չինական շուկային մուտքի ընդլայնում, ԱՄՆ-ից ռազմավարական պաշտպանություն և Արևմուտքի տեխնոլոգիական առաջատարություն։
«Այս բոլոր ակնհայտ առավելություններն այժմ անհետացել են», — ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ Եվրամիությունը պետք է հարմարեցնի իր տնտեսությունը նոր պայմաններին և ամրապնդի եվրոպական բիզնեսի մրցունակությունը։
Նա խնդիրների հրատապ լուծումը կարճաժամկետ հեռանկարում տեսնում է ձեռնարկատերերի՝ ներդրումներ կատարելու ազատության վերականգնման և երկարաժամկետ հեռանկարում՝ նորարարությունը, արտադրողականությունը և մասշտաբային ընդլայնումը եվրոպական տնտեսական աճի կայուն շարժիչ ուժեր դարձնելու մեջ։
Եվրահանձնաժողովի նախագահը թվարկել է եվրոպական տնտեսությանը վերականգնելու իր բաղադրատոմսերը. առաջին ուղղությունը կանոնակարգերի պարզեցումն է և մրցակցության համար հավասար պայմանների վերականգնումը: Նպատակն է մինչև 2029 թվականը վարչական բեռը կրճատել 25%-ով բոլոր բիզնեսների և 35%-ով՝ փոքր և միջին բիզնեսների համար:
Երկրորդ ուղղությունը ԵՄ երկրների տնտեսությունների ֆինանսավորումն է: Նա կարծում է, որ շատ նախագծեր կյանքի չեն կոչվում, քանի որ սկզբնական ներդրումային քայլը չափազանց ռիսկային է, պահանջարկը՝ չափազանց անորոշ, կամ կապիտալը՝ չափազանց թանկ: Բնականաբար, ըստ նրա, այս ջանքերը չեն կարող ֆինանսավորվել միայն պետական բյուջեներից:
«Սակայն Եվրոպան ունի խնայողություններ։ Դժբախտաբար, այդ խնայողությունները «ծույլ» են։ Տնային տնտեսությունների 10 տրիլիոն եվրոյի խնայողությունները դեռևս պահվում են բանկային ավանդներում, և եվրոպական խնայողությունների զգալի մասը ներդրվում է մեր մայրցամաքից դուրս։ Եվրոպան այժմ պետք է դրանք օգտագործի իր բիզնեսների համար», — կարծում է ֆոն դեր Լեյենը։
Նա ԵՄ տնտեսության ամրապնդման այլ ոլորտներ էլ է նշել, ինչպիսիք են ԵՄ միասնական շուկայի համապարփակ զարգացումը և ամրապնդումը, ավելի էժան էներգիան, արհեստական բանականության ներդրումը որպես «արտադրողականության հզոր լծակ» և միջազգային գործընկերների հետ ազատ առևտրի մասշտաբի մեծացումը։



