Տնտեսագետ

ԶՖԳ-ն ստորագրում է 270 միլիոն եվրոյի ֆինանսավորման պայմանագիր և հաստատում երկարաժամկետ գործընկերություն

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

ՀՀ իշխանությունների հետ տարեկան խորհրդակցությունների շրջանակում ԶՖԳ-ն ստորագրել է 270 միլիոն եվրոյի համարժեք ֆինանսավորման համաձայնագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված 250 միլիոն եվրոյի առաջին վարկը, որը ցուցանիշ է, նախատեսված է աջակցելու ֆինանսական կառավարման ոլորտում պետական ​​բարեփոխումներին։ 23 միլիոն դոլարի երկրորդ վարկը, որն առաջին անգամ արժույթավորվում է ՀՀ դրամով, ֆինանսավորում է խոցելի ընտանիքների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովումը։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Հայաստան կատարած պետական ​​այցից հինգ ամիս անց, մայիսին ստանձնած պարտավորությունները կյանքի են կոչվում։

2012 թվականից ի վեր Հայաստանում գործող Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) աջակցում է Հայաստանի իշխանություններին, տնտեսական ոլորտի դերակատարներին և քաղաքացիական հասարակությանը մի շարք ոլորտներում՝ հանրային ​​ֆինանսներ, բնակարանային ապահովում, ջրային ռեսուրսներ և գյուղատնտեսություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ձեռնարկատիրություն և ֆինանսական ներառականություն։ Երկրի նկատմամբ ԶՖԳ ընդհանուր պարտավորություններն այժմ կազմում են ավելի քան 850 միլիոն եվրո։

Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների աջակցության համար բյուջետային ֆինանսավորում

ԶՖԳ-ն և ՀՀ ֆինանսների նախարարությունը ստորագրել են 250 միլիոն եվրո արժողության ֆինանսավորման համաձայնագիր՝ 2026-2028 թվականների համար նախատեսված բազմամյա հանրային ​​քաղաքականության բյուջետային ֆինանսավորման նոր ծրագրի (FBPP) առաջին ենթածրագրի շրջանակում։ Սա մինչ օրս ԶՖԳ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համաֆինանսավորվող նախագիծը ներգրվում է 2016 թվականին սկսված համագործակցության շարունակականության մեջ։

Ծրագիրն աջակցում է բարեփոխումների երեք ուղղություն՝

  • բյուջետային կառավարման և հանրային ֆինանսների բարելավում՝ ազգային և, առաջին անգամ՝ ենթաազգային մակարդակներով։
  • ֆինանսական համակարգերի ամրապնդում և կայուն ֆինանսների խթանում։
  • ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդում և մասնավոր ներդրումների համար բարենպաստ միջավայրի խթանում։

Նոր վարկային գիծ՝ խոցելի խմբերի համար բնակարանային հասանելիությանն աջակցելու համար

ԶՖԳ-ն և Ազգային հիփոթեքային ընկերությունը (NMC), որը հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման մեջ մասնագիտացած պետական ​​ֆինանսական հաստատություն է, ստորագրել են 23 միլիոն եվրոյի նոր վարկային գիծ՝ ութ տարի մարման ժամկետով, որը ներառում է երկամյա արտոնյալ ժամկետ։

Առաջին անգամ Հայաստանում սույն ֆինանսավորումը տրամադրվում է ՀՀ դրամով՝ TCS-ի հետ գործընկերության և Եվրոպական Միության ներդրման շնորհիվ։

Այս վարկային գծի առնվազն 50%-ը, Կառավարության բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում, կուղղվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Սույն գործողությունը լրացնում է ԶՖԳ աջակցությունը Հայաստանի հանրային քաղաքականությանը՝ ուղղված բնակչության ամենախոցելի խմբերի բնակապահովմանը։

Վստահության վրա հիմնված հարաբերություն՝ ի սպաս Հայաստանի զարգացման

ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկը նշում է՝ «Այս համաձայնագրերի ստորագրումը գործնականում ի ցույց է դնում ԶՖԳ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրությունը։ Դրանք աջակցում են Հայաստանի տնտեսության կայունությանը և առավել խոցելի խմբերի համար պատշաճ բնակարանային պայմանների հասանելիությանը։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի կառավարության հետ համատեղ մենք նպատակ ունենք սույն պարտավորությունն ապահովել երկարաժամկետ հեռանկարում»։

Զարգացման ֆրանսիական գործակալության մասին

ԶՖԳ-ն ֆինանսավորում և աջակցում է ավելի քան 4000 նախագիծ 160 երկրում՝ ջրի և էներգիայի հասանելիություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ, որակյալ աշխատատեղերի ստեղծում, կանաչ արդյունաբերացում, առողջապահության և կրթության համակարգերի աջակցություն և այլն։ ԶՖԳ գրուպն իր օժանդակ կառույցների միջոցով՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ)՝ կառավարություններին աջակցելու, Proparco-ն՝ ձեռնարկությունները ֆինանսավորելու և Expertise France-ը՝ տեխնիկական փորձաքննություն ապահովելու համար, լուծում է կայուն զարգացման հետ կապված բոլոր մարտահրավերները։ Ամեն տարի ԶՖԳ գրուպը հատկացնում է մոտ 14 միլիարդ եվրո ֆինանսավորում՝  հիմնականում գործընկերների կողմից մարվող վարկերի տեսքով, և բաժնետեր պետությանը վճարում շահաբաժին, օր․՝  100 միլիոն եվրո 2026 թվականին՝ ստացված 2025 թվականի զուտ եկամտից։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top