ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում թվայնացման և տեխնոլոգիական ոլորտներում Համաշխարհային բանկի իրականացրած աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները։
Քննարկվել են պետական համակարգում ամպային տեխնոլոգիաների ներդրման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ամպայինը առաջին (Cloud-First)» քաղաքականության ամբողջական գործարկմանը, տվյալների դասակարգմանը, ինչպես նաև հանրային ոլորտի կարիքների համար ամպային ծառայությունների շուկայի ձևավորմանը վերաբերող հարցեր։
Կիբեռանվտանգության ուղղությամբ քննարկվել են ոլորտի հասունության բարձրացմանն ուղղված քայլերը, ազգային CERT-ի (Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմ) զարգացման, ինչպես նաև պետական և տեղական մակարդակներում կիբեռանվտանգության կարողությունների ամրապնդման հարցերը։
Անդրադարձ է կատարվել թվային նույնականացման և տվյալների փոխգործունակության զարգացմանը, տվյալների փոխանակման միասնական ենթակառուցվածքի ձևավորմանը, ինչպես նաև թվային ծառայությունների և տվյալների կառավարման համակարգերի զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններին։
Կողմերն անդրադարձել են նաև լայնաշերտ կապի հասանելիության և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են մարզերում բարձրորակ ինտերնետային կապի հասանելիության ընդլայնման, ենթակառուցվածքների արդիականացման և դրանց դիմակայունության բարձրացման ուղղությունները։
Նախանշվել են համագործակցության հետագա քայլերը՝ Հայաստանի թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։



