Հայ կանայք ամենաաշխատասերն են. նրանց պետք է ընդամենը փոքրիկ հենարան՝ սարեր շուռ տալու համար։ Սան Ֆրանցիսկոյում ապրող Լյուսիլ Աբգարը, որ աշխարհում առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի թոռնուհին է, ձեռներեց և տուրիստական գործակալության հիմնադիր, լավ գիտեր սա։ Նա իր ողջ կարողությունը կտակել է AIWA-ին՝ հայ կին ձեռներեցներին աջակցելու նպատակով։ Այսօր այդ կտակը դառնում է «FoundHer» նախագիծը՝ ճանապարհ հարթելու հայ կանանց համար դեպի համաշխարհային բիզնես շուկա։
«FoundHer»-ը (անվանումը բառախաղ է female founder՝ «կին հիմնադիր» բառերի շուրջ) հատուկ մշակված նախաձեռնություն է, որն ուղղված է կին ձեռներեցներին։
Երևանում հոկտեմբերի 7-ին The Alexander հյուրանոցում տրվեց AIWA-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի FoundHer նախաձեռնության մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 140 կանայք։ AIWA-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի ղեկավար Լիլիթ Ենոքյանը մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրն ու ինչ ոլորտներ է ընդգրկում այն․
«Այս տարի ծրագիրն ընդգրկում է տեխնոլոգիաների, նորաձևության և տուրիզմի ոլորտները։ Այս շաբաթ Երևանում նորաձևության շաբաթն է, մենք էլ ներկա ենք լինելու ու մրցանակաբաշխություն ենք իրականացնելու։ Ընտրել ենք նաև տուրիզմի ոլորտը, քանի որ Լյուսիլ Աբգարը մասնագիտացած էր հենց այս ոլորտում, ու դրա ներառումը համարել ենք խորհրդանշական։ Ծրագրի նպատակն է աջակցել ամբողջ աշխարհում բիզնես գործունեությամբ զբաղվող հայ կանանց ու ստեղծել կապեր»։
AIWA Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի համահիմնադիր Լաուրա Դիրտադյանն ընդգծում է հայ կանանց բնորոշ որոկաներ, որոննք նրանց առավել մրցակցային են դարձնում.
«Նրանք ամենաաշխատասերն են․ մենք ոչ միայն մայրեր ենք, կանայք, դուստրներ, քույրեր,ընկերներ, այլ նաև բինզես գործունեությամբ ենք զբաղվում ու ցույց տալիս, որ ամեն բան կարելի է հասցնել»։
Տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալող կանանց մեկ հարկի տակ հավաքած երեկոն ավարտվեց networking հանդիպմամբ, որի ընթացքում կին ձեռներեցները, գործընկերներն ու նախաձեռնության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու, մտքեր փոխանակելու և ապագա համագործակցության նոր հնարավորություններ քննարկելու։
«FoundHer»-ը նպատակ ունի ոչ միայն աջակցել կանանց բիզնես գաղափարների զարգացմանը, այլև ստեղծել միջավայր, որտեղ կապերը վերածվում են հնարավորությունների, գաղափարները՝ իրական ու հաջողված գործերի։
Մանրամասն՝ ռեպորտաժում։



