Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում շարունակվում են Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի միջոցառումները։ Հայաստանի 16 բուհ միավորող նախաձեռնությունը մեկ հարթակում է ներկայացնում հայաստանյան բուհերի գիտական և կրթական ներուժը, կենսաբազմազանությանն առնչվող հետազոտություններն ու բնապահպանական նորարարական լուծումները՝ ամրապնդելով գիտության, կրթության և հասարակության միջև կապը։
COP17-ին ակտիվ մասնակցություն ունեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բոլոր ֆակուլտետների շուրջ 300 ուսանողներն ու դասախոսները։ Հոկտեմբերի 19-ից ՀՊՏՀ-ն Կանաչ գոտում ներկայանում է սեփական տաղավարով, որտեղ համակողմանիորեն ներկայացվում են կանաչ կրթության սկզբունքները, կայուն զարգացման գաղափարներն ու շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը։ Տաղավարի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարող են տնտեսական մտածողությունը, կրթությունն ու բնապահպանական պատասխանատվությունը համադրվել՝ նպաստելով կայուն ապագայի ձևավորմանը։
Համալսարանի մասնակցության առանցքային ուղղություններից է ՀՊՏՀ շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի գործունեությունը։ Ամբիոնը, կրթական եռաստիճան համակարգի շրջանակում իրականացնելով բակալավրիատի և երկու մագիստրոսական կրթական ծրագրեր, կարևոր դեր ունի բնապահպանական գիտելիքներով, կայուն զարգացման արդի խնդիրների վերաբերյալ մասնագիտական կարողություններով օժտված մասնագետների պատրաստման գործում։ COP17-ի հարթակը նաև հնարավորություն է՝ ներկայացնելու այս ուղղությամբ ՀՊՏՀ կրթական մոտեցումներն ու համալսարանական համայնքի ներդրումը բնապահպանական խնդիրների քննարկման գործում։
ՀՊՏՀ ուսանողները մեկ շաբաթ շարունակ ակտիվորեն ներգրավվել են համաժողովի աշխատանքներում՝ կատարելով կամավորական աշխատանք, հանդես գալով որպես երիտասարդ դեսպաններ և մասնակցելով Կանաչ գոտու տարբեր միջոցառումներին։ Սա նրանց համար ոչ միայն գործնական փորձառություն է, այլև հնարավորություն՝ խորացնելու կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ գիտելիքները, զարգացնելու հաղորդակցման հմտություններն ու սեփական ներդրումն ունենալու բնապահպանական նախաձեռնություններում։
Համաժողովի շրջանակում մասնագիտական քննարկումներին մասնակցել են նաև ՀՊՏՀ դասախոսները։ Հոկտեմբերի 24-ին շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանը, դասախոսներ Ալիսա Գևորգյանն ու Գևորգ Նազարյանը հանդես են եկել կանաչ քաղաքներին նվիրված զեկուցումներով՝ ուշադրություն հրավիրելով քաղաքային միջավայրի կայուն զարգացման և բնապահպանական լուծումների կարևորությանը։
COP17-ի առաջիկա շաբաթը ևս խոստանում է լինել հագեցած։ ՀՊՏՀ ներկայացուցիչները նախատեսում են շարունակել մասնագիտական զեկուցումներն ու քննարկումները, մասնակցել տարբեր միջոցառումների և այցերի՝ ընդլայնելով համագործակցության շրջանակն ու ներկայացնելով համալսարանի կրթական և գիտական ներուժը։
ՀՊՏՀ մասնակցությունը COP17-ին ընդգծում է համալսարանի հանձնառությունը՝ զարգացնելու կանաչ կրթությունը, խթանելու բնապահպանական պատասխանատվությունը և տնտեսական զարգացման հարցերը դիտարկելու կայունության ու շրջակա միջավայրի պահպանության համատեքստում։



