Այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Եվրոպա-Կովկաս-Ասիա փոխկապվածություն․ գործարար գերազանցություն կենսաբազմազանության գործողությունների և ֆինանսավորման միջոցով» միջազգային գիտաժողովը՝ ՀՊՏՀ-ի, «Եվրոպական հետազոտությունների գործակալություն» հիմնադրամի և Ստոկհոլմի Հարավային Ասիայի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի հետ համատեղ։
Միջոցառման նպատակն էր գիտական մակարդակում հանրայնացնել Եվրասիական տարածաշրջանում բնապահպանական, տնտեսական և սոցիալական արժեքների համալիր կառավարման անհրաժեշտությունը՝ կարևորելով տնտեսական մոդելների արդիականացումը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված անհրաժեշտ գործիքակազմով։
Գիտաժողովին ներկայացվեց ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի ողջույնի ուղերձը, որում ընդգծվում էին նման գիտաժողովների կազմակերպման կարևորությունն ու գիտական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը, շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանն ու Ֆուդանի համալսարանի (Չինաստան) բնապահպանական տնտեսագիտության հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Լի Ժինգինգը անդրադարձան քննարկվող թեմաների արդիականությանն ու կարևորությանը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունն այս ուղղությամբ։
Ներկայացված զեկուցումները ներկայացնում էին տնտեսության արդիականացման համատեքստում բնապահպանական առանձնահատկությունները, կիրառվող չափանիշներն ու չափորոշիչները, միջազգային օրակարգերը, իրավակարգավորումներըն և ռազմավարական լուծումները։
ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն անդրադարձավ զեկուցումների թեմատիկ առանձնահատկություններին և նպատակային հարցադրումների միջոցով բացահայտեց տարբեր ոլորտների միջև առկա կապերն ու փոխազդեցությունները։
Գիտաժողովի շրջանակում նախատեսված պանելային քննարկումները կշարունակվեն COP17-ի Կանաչ և Կապույտ գոտիներում։ Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և գիտական հեղինակավոր հարթակներում ներկայացված փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն և կամփոփվեն գիտաժողովի հիմնական դրույթները՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության և գործարար գերազանցության միջև կապերի ամրապնդմանը։



