Տնտեսագետ

Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները ՏԿԵՆ-ից տեղափոխվեցին կառավարության ենթակայության տակ

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով Պետական գույքի կառավարան և Ջրային կոմիտեն ՏԿԵ նախարարությունից վերցրեց և բերեց իր ենթակայության տակ։

Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հողի և ջի մասին ամենաշտն է խոսվում.«Նաև խմում ենք հողի և ջրի կենացը»։

Իսկ նախագծի հիմնավորման մեջ ասվում է.«Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեությունը չի սահմանափակվում տարածքային կառավարման կամ ենթակառուցվածքների ոլորտով։ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացվող պետական գույքի և այլ ակտիվների (պետությանը պատկանող բաժնետոմսերի) կառավարման գործառույթներն ընդգրկում են պետական կառավարման տարբեր ոլորտներում օգտագործվող և կառավարվող ակտիվները, ուստի դրանց իրականացումը պահանջում է այլ ակտիվների, այդ թվում՝ պետական գույքի կառավարման միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառում Կառավարության ենթակայությամբ գործող մարմնի կողմից։

Հաշվի առնելով Պետական գույքի կառավարման կոմիտեին վերապահված գործառույթների միջոլորտային բնույթը՝ պետական ակտիվների կառավարման մասնագիտացված մարմնի գործունեության կազմակերպական ենթակայությունը նպատակահարմար է սահմանել ՀՀ կառավարության մակարդակում՝ ապահովելով դրա գործունեության կապը պետական ակտիվների կառավարման միասնական քաղաքականության և ռազմավարական ուղղությունների հետ։ Այս մոտեցումը հնարավորություն կտա առավել հստակ տարանջատել պետական ակտիվների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև առանձին ոլորտներում պետական գույքի և այլ ակտիվների օգտագործման հետ կապված գործառույթները։

Նշվածի հիմքով, ինչպես նաև հաշվի առնելով բաժնետիրական ընկերությունների կառավարման բնագավառում Պետական գույքի կառավարման կոմիտեին վերապահված նոր լայնածավալ գործառույթները՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն նպատակահարմար է դարձնել ՀՀ կառավարությանը ենթակա մարմին՝ պահպանելով այն որպես պետական գույքի և այլ ակտիվների կառավարման մասնագիտացված կենտրոնական մարմին, ինչպես նաև վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտեի։

Այս դեպքում Կառավարությունը կսահմանի պետական ակտիվների կառավարման միասնական քաղաքականությունը և ռազմավարական ուղղությունները, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն կապահովի դրանց մասնագիտացված և պրոֆեսիոնալ իրականացումը։

Միաժամանակ նախարարությունները կպահպանեն իրենց ոլորտներում պետական գույքի օգտագործման անհրաժեշտությունը և պահանջները ձևավորելու գործառույթը, սակայն պետական ակտիվների կառավարման ընդհանուր համակարգումը կիրականացվի Կառավարության կողմից սահմանված քաղաքականության և լիազորությունների շրջանակում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցով։

Նախագծերով առաջարկվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ցանկում ներառել նաև Պետական ակտիվների կառավարման կոմիտեին՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին հանելով նշված օրենքի 6-րդ հոդվածով սահմանված նախարարությանը ենթակա մարմինների ցանկից։ Միաժամանակ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական  ոլորտներում՝ հանելով պետական գույքի կառավարման ոլորտում Նախարարությանը վերապահված լիազորությունը, ինչպես նաև փոփոխություն կատարել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ Պետական գույքի կառավարման մարմինը Պետական ակտիվների կառավարման կոմիտեն է։

Ջրային կոմիտեի գործունեությունները չեն սահմանափակվում տարածքային կառավարման կամ ենթակառուցվածքների ոլորտով։

Ջրային կոմիտեի անվանափոխությունը և ենթակայության փոփոխությունը Հողի և ջրի կոմիտեի պայմանավորված է Հայաստանի գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև՝ գյուղատնտեսական պոտենցիալ ունեցող այլ նպատակային նշանակության հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ։

Մասնավորապես, գլոբալ կլիմայական փոփոխություններին հարմարվողականության և ազդեցությունների մեղմացման համատեքստում, ինստիտուցիոնալ մարտահրավեր է՝ ապահովել գյուղատնտեսական պոտենցիալ ունեցող հողային ռեսուրսների և ոռոգման ջրամատակարարման ինտեգրացված կառավարման ապահովումը, ինչը առավել արդյունավետ հնարավոր է իրացնել մեկ միասնական կառավարման մարմնի միջոցով։ Բացի դա, Հայաստանի Հանրապետության համար մարտահրավեր է նաև ժամանակակից գյուղատնտեսությանը համապատասխանող ոռոգման ենթակառուցվածքների արդիականացումը։ Այս մարտահրավերը պահանջում է հողային ռեսուրսների հաշվառման, դրանց խոշորացման հնարավորությունների ուսումնասիրման, խոշորացման փորձնական ծրագրերի մշակման և իրականացման այնպիսի մոտեցումներ, որոնք մշակված և համադրված լինեն հասանելի ոռոգման ջրային ռեսուրսների և դրանց մատակարարման ենթակառուցվածների հետ։ Այսպիսի մոտեցումները ինստիտուցիոնալ առումով ոչ միշտ է հնարավոր արդյունավետորեն ապահովել, երբ գործառույթները տարաբաժանված են տարբեր գերատեսչությունների միջև։

Բացի դա, հողային և ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մեկ միասնական մարմնի ձևավորման պարագայում հնարավոր կլինի ստեղծել նախադրյալներ և նախապայմաններ՝ գյուղատնտեսության մեջ բարձրարժեք մշակաբույսերի մշակության, ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառության, էներգաարդյունավետ ոռոգման համակարգերի/ենթակառուցվածքների զարգացման համար, դրանք մշտապես համադրելով/ինտեգրելով հնարավոր հասանելի ջրաքանակների և այդ ջրաքանակների հնարավոր արդյունավետ օգտագործման գործելակերպերի հետ։

Մեկ այլ կարևոր հանգամանք է գյուղատնտեսական և այդպիսի պոտենցիալ ունեցող այլ նպատակային նշանակության հողային ռեսուրսների մելիորատիվ նախաձեռնությունների զարգացումը՝ հողային ռեսուրսների և ջրային ենթակառուցվածքների պատասխանատու մեկ միասնական  մարմնի կողմից։ Այս պարագայում, մելիորացիոն գործառույթներ ունեցող ներկա կառույցի («Մելիորացիա» ՓԲԸ՝ 100% պետական բաժնեմասով) կարողությունների բարելավման և կանոնադրական գործառույթների ընդլայնման և այդ կառույցի՝ ստեղծվելիք Հողի և ջրի կոմիտեի կազմում ներառելու միջոցով հնարավորություն կընձեռնվի մելիորատիվ վիճակի բարելավման գործողություններ նախաձեռնել զգալի մակերեսով հողատարածքներում՝ Հայաստանի Հանրապետության ամբողջական տարածքում։ Ներկայում այդ գործառույթները սահմանափակված են միայն դրենաժային համակարգերի մաքրմամբ՝ հիմնականում Արարատյան դաշտում։

Նախագծերով առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ցանկում ներառել Հողի և ջրի կոմիտեն՝ նշված օրենքի 6-րդ հոդվածով սահմանված նախարարությանը ենթակա մարմինների ցանկից հանելով Ջրային կոմիտեն։ Միաժամանակ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներում՝ հանելով համապատասխան ոլորտների Նախարարությանը վերապահված լիազորությունը։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման գործառույթներին առնչվող իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության սկզբունքով փոխանցվում են Կառավարությանը ենթակա՝ Հողի և ջրի կոմիտեին կանոնադրությունները հաստատելու մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ժամկետներում»։

 

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top