Տնտեսագետ

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը՝ ԱԲ ոլորտի ընկերությունների, ստարտափների, ինչպես նաև Հայաստանում գործող խոշոր և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են ԱԲ ազգային էկոհամակարգի ձևավորման ընթացիկ տեսլականը և արհեստական բանականության կարգավորման նախագծի մշակման մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել հաշվողական ռեսուրսների, այդ թվում՝ ՀՀ կառավարության և Firebird AI ընկերության միջև կնքված պայմանագրով ձեռք բերված հաշվողական հզորության արդյունավետ օգտագործմանը։ Մասնակիցները կարևորել են հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, մասնագետների և տաղանդի ներգրավումը, ստարտափների ու հետազոտությունների աջակցությունը, մտավոր սեփականության պաշտպանությունը, կարգավորիչ նորարարությունն ու պետական համակարգում ԱԲ կիրառման ընդլայնումը։ Նիստի երկրորդ հիմնական թեման ԱԲ կարգավորման նախագծի նախապատրաստումն էր։ Նշվել է, որ այս փուլում նախնական նախագիծ դեռևս չկա, և նպատակն է ոլորտի տարբեր ներկայացուցիչներից հավաքագրել առաջարկներ ու դիտարկումներ՝ հետագա կարգավորման մոտեցումները ձևավորելու համար։ Քննարկվել են ԱԲ-ի անվտանգ և պատասխանատու կիրառումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև նորարարության համար նպաստավոր միջավայրի պահպանումը։ Հանդիպման արդյունքում ամփոփվել են մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ԱԲ ազգային էկոհամակարգի ձևավորման և կարգավորման հետագա աշխատանքներում։ Խորհրդակցությունները ոլորտի ներկայացուցիչների, մասնավոր հատվածի, ստարտափների, հետազոտական համայնքի և այլ շահագրգիռ կողմերի հետ կշարունակվեն։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանը և Տաթև Ասլանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել են OpenAI ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱրՄեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետ Մանուկյանը։

Քննարկվել են առողջապահության և կրթության ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրման և զարգացման հեռանկարները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջապահական կազմակերպությունների, բժիշկների և քաղաքացիների համար ԱԲ-ով աշխատող գործիքների կիրառման հնարավորություններին, ինչպես նաև ԱԲ լուծումները Հայաստանի գործող թվային առողջապահական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «ԱրՄեդ» համակարգին, ինտեգրելու ռիսկերին և հեռանկարներին։ Այս համատեքստում կարևորվել են տվյալների անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և իրավական պահանջների պահպանումը։

Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում անվտանգ և վերահսկելի թվային միջավայրի ձևավորմանն ուղղված հնարավոր համագործակցության ուղղությունները։

OpenAI-ի ներկայացուցիչները ներկայացրել են առողջապահության և կրթության ոլորտներում ընկերության միջազգային փորձը, ինչպես նաև համապատասխան ԱԲ գործիքների կիրառման արդյունքները։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման ապահով ընդլայնմանը, այդ թվում՝ կրթական ծրագրերի զարգացման և ԱԲ-ի կիրառման լավագույն միջազգային փորձի ներդրման հնարավորություններին։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top