Տնտեսագետ

Ժամանակակից հարկային վարչարարություն՝ թվայնացումից դեպի հարկային կարգապահություն․ ՊԵԿ նախագահը մասնակցել է պանելային քննարկմանը

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից անցկացվող մասնագիտական արտագնա կոնֆերանսի շրջանակում կազմակերպված «Ժամանակակից հարկային վարչարարություն՝ թվայնացումից դեպի հարկային կարգապահություն» խորագրով պանելային քննարկմանը։

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը նշել է, որ այս հարթակը ևս մեկ հնարավորություն է անմիջապես ոլորտի պատասխանատուներից լսել ՊԵԿ-ի տեսլականը և միասին քննարկել ժամանակակից հարկային վարչարարության առանձնահատկությունները, միաժամանակ, ընդգծելով պետական և մասնագիտական կառույցների միջև երկխոսության կարևորությունը. «Վերջին տարիներին հարկային վարչարարությունը զգալի փոխվում է։ Թվայնացումն ու արհեստական բանականության գործիքների կիրառումը փոխում են նաև հաշվապահների, աուդիտորների և հարկ վճարողների աշխատանքային միջավայրը՝ նպաստելով պարզ, կանխատեսելի հարկային միջավայրի ու կամավոր կարգապահության ձևավորմանը»։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեի մշակութային վերափոխման համատեքստում փոխվում է նաև հարկային վարչարարության տրամաբանությունը՝ շեշտադրելով հարկային կարգապահությունը, թվայնացումը և գործընկերային մոտեցումը։ «ՊԵԿ-ում ձևավորված միասնական տեսլականի և առաքելության հիմքով վերանայվում են հարկային վարչարարության մոտեցումները՝ ֆիսկալ գործառույթին զուգահեռ առաջնահերթությունը տալով տնտեսական զարգացմանը և հարկ վճարողի համար արդար ու կանխատեսելի միջավայրի ձևավորմանը»,-ասել է Էդուարդ Հակոբյանը։

Կոմիտեի փոխակերպման հիմքում ոչ միայն գործիքակազմի, այլև արժեհամակարգի փոփոխությունն է։ Ըստ Էդուարդ Հակոբյանի, նոր մոտեցմամբ վարչարարության առանցքում հարկային կարգապահության բարելավումն է, իսկ դրա գործիքներն են կարգապահական ծրագրերը, օրինապահ հարկ վճարողների համար արտոնությունների ընդլայնումը, վերլուծական և հեռահար վարչարարության զարգացումը։ Միաժամանակ, մեծանում է բացատրական աշխատանքի դերը։ «Կարևոր է գտնել փափուկ և կոշտ վարչարարության ճիշտ հավասարակշռությունը, որը հնարավորություն կտա ստվերային գործունեությունը դարձնել ոչ շահավետ։ Հարկ վճարողը պետք է գիտակցի, որ ստվերում գործելը մրցակցային առավելություն չէ, իսկ հարկային պարտավորությունները թաքցնելը՝ շահավետ վարքագիծ։ Այդ դեպքում միայն կարող ենք խոսել իրական մարդակենտրոն և կամավոր կարգապահությանը միտված վարչարարության մասին»,-նշել է ՊԵԿ նախագահը։

Վարչարարության զարգացման կարևոր ուղղություններից են թվայնացումը և արհեստական բանականության գործիքների ակտիվ կիրառումը, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել հարկ վճարողների հետ հեռավար հաղորդակցությունն ու բարձրացնել վարչարարության արդյունավետությունը։ Բարեփոխումների արդյունքում արդեն երկրորդ տարին անընդմեջ արձանագրվում են ծրագրային ցուցանիշները գերազանցող հարկային մուտքեր, շարունակվում է նաև ստվերի նվազման միտումը։ Միաժամանակ, հարկային մուտքերի աճին զուգահեռ դրական փոփոխություն է արձանագրվում ՊԵԿ-ի նկատմամբ հարկ վճարողների վերաբերմունքում, ինչն արտահայտվում է նաև ՀԴՄ կտրոնների քանակի և շրջանառության աճով։  Մաքսային ոլորտում ՊԵԿ նախագահն առանձնացրել է համատարած թվայնացման արդյունքները, որոնց ազդեցությունն արձանագրում է նաև գործարար համայնքը։ Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել թվային համակարգերը, ապահովել ապրանքների ամբողջական հետագծելիությունը, ընդլայնել առցանց ՀԴՄ-ի կիրառման աշխարհագրությունը, ինչպես նաև մաքսային ոլորտում ներդնել միասնական հաշվի համակարգը և առավել լայնորեն կիրառել արհեստական բանականության գործիքները։ Բարեփոխումների գործընթացում ՊԵԿ նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ակտիվ ներգրավվածությունը։

Հանրային վերահսկողության խորհրդի (ՀՎԽ) նախագահ Արման Պողոսյան անդրադարձել է առաջիկա տարիների հարկային քաղաքականության կանխատեսելիության ապահովմանը՝ նշելով, որ նոր հարկային քաղաքականության փաստաթուղթը դիտարկվում է որպես հարկային համակարգի բարեփոխումների ուղենիշային փաստաթուղթ։ Նա կարևորել է նաև հարկային բեռի արդար և ճիշտ բաշխման, կամավոր ինքնահայտարարագրման և արտոնյալ հարկ վճարողների բացառման սկզբունքները, որոնց ուղղությամբ ՊԵԿ-ում գործուն քայլեր են իրականացվում։  Իսկ Ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ հարկային փոփոխությունների հարցում ՊԵԿ-ն ու ՖՆ որդեգրել են միասնական մոտեցում՝ նախատեսելով էական փոփոխությունները հիմնականում իրականացնել տարեկան մեկ անգամ՝ բյուջետային գործընթացին զուգահեռ։ Նա ընդգծել է նաև գործարար և մասնագիտական համայնքի հետ համագործակցության և խնդիրները համատեղ լուծելու կարևորությունը։

Մասնագիտական կոնֆերանսի երկրորդ օր պանելային քննարկումը ծավալվել է հարկային կարգապահության, հաշվապահական ու հարկային արդիական հարցերի շուրջ, որին մասնակցել է նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը։ Անդրադառնալով հարկային կարգապահության և վարչարարության բարելավման գործընթացին, Վրեժ Մխիթարյանը նշել է, որ այդ ուղղությամբ ակտիվորեն կիրառվում է նաև արհեստական բանականության գործիքակազմը։ «Հարկային հսկողությունն առավել թիրախային իրականացնելու  նպատակով ՊԵԿ-ում առաջնահերթություն է սահմանվել հարկային ստուգումների ընտրության գործընթացի շարունակական կատարելագործումը՝ տվյալների վերլուծության, ռիսկերի գնահատման և ժամանակակից թվային գործիքների կիրառման միջոցով։ Հատկանշական է, որ համալիր հարկային ստուգումների ծրագրում գնալով ավելանում է ԱԲ գործիքներով վերհանված ռիսկերի հիման վրա ստուգվող հարկ վճարողների կշիռը: Թեմատիկ հարկային ստուգումները, ուսումնասիրությունները և չափագրումները նույնպես իրականացվում են բացառապես ռիսկերի հիման վրա, որոնց հիմքում ավտոմատացված գործիքներն են` ԱԲ համակարգերի կիրառմամբ»,-հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը հարկային վարչարարության պարզեցման և հարկային հաշվառման թվայնացման գործընթացների շրջանակում խոսել է տարբեր հարկատեսակների՝ շահութահարկի, եկամտային հարկի, ԱԱՀ-ի մասով, ինչպես նաև գործարքների փաստաթղթավորման ուղղությամբ օրենսդրական նոր կարգավորումների մասին։ Դրանց արդյունքում, մասնավորապես հստակեցվել է արտարժույթով կատարվող գործարքների հաշվառման կարգը, ավտոմատացվել է հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը, ընդլայնվել է կաթնամթերքի արտադրության ոլորտում որակական կորուստների գծով նվազեցումների կատարման հնարավորությունը, հստակեցվել է ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի գծով ծախսի ճանաչման դեպքերը և այլ ուղղություններ։

Պանելային քննարկումներն անցել են ակտիվ հարցուպատասխան ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ներկայացնելու առաջարկություններ և միասին քննարկելու առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։ Քննարկումն ընդգծել է նաև պետություն-բիզնես արդյունավետ երկխոսության կարևորությունը՝ նպաստելով փոխադարձ համագործակցության և գործնական կապերի զարգացմանը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top