Նոյեմբերի 12-14-ը Մոսկվայում՝ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում, անցկացվել է Ռուս-հայկական երկրորդ գիտակրթական համաժողովը, որի հիմնական նպատակն էր փորձի փոխանակումը ոլորտային առաջնահերթ ուղղություններով, ինչպես նաև երկու երկրների համալսարանների և գիտական կազմակերպությունների միջև կապերի ընդլայնումը։
Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ու ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի գլխավորությամբ։ Միջոցառմանը ՀՊՏՀ-ն ներկայացրել են պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլյանորա Մաթևոսյանը։
Այս ներկայացուցչական միջոցառման շրջանակում ՀՊՏՀ-ի և Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով սահմանվել են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ կրթական և հետազոտական համատեղ գործունեություն, մասնագիտական գրականության ու ուսումնամեթոդական ռեսուրսների տրամադրում։ Կարևորվել են նաև ակադեմիական շարժունության ընդլայնման և համատեղ կրթական ծրագրերի մշակման ու ներդրման հնարավորությունները։
ՀՊՏՀ ներկայացուցիչները համաժողովին հանդես են եկել առանցքային զեկուցումներով, մասնավորապես՝ Դավիթ Հախվերդյանը մասնակցել է «Գիտատեխնոլոգիական համագործակցություն․ համատեղ հետազոտությունների և նորարարական զարգացման նոր ուղղություններ» խորագրով պանելային նիստին և հանդես եկել «Մարդկային կապիտալը և Ռուսաստանի ու Հայաստանի գիտատեխնոլոգիական համագործակցությունը․ համատեղ հետազոտությունների և նորարարական զարգացման հեռանկարները» թեմայով զեկուցմամբ։
Էլյանորա Մաթևոսյանը մասնակցել է «Գիտական գաղափարից մինչև նորարարություն․ համալսարաններ, հետազոտություններ և տեխնոլոգիական ձեռնարկատիրություն» պանելային քննարկմանը՝ ներկայացնելով «Հայաստանի գիտահետազոտական ներուժի վերափոխումը նորարարական տնտեսության անցման համատեքստում» զեկուցումը։
Համաժողովի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական գիտակրթական կապերի ընդլայնման, համատեղ հետազոտությունների և նորարարական նախաձեռնությունների զարգացման գործնական քայլերը:



