Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Հայ-բրիտանական առևտրի պալատի նախաձեռնած՝ հանրային-մասնավոր երկխոսությանը։ Հանդիպման ընթացքում բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումները, թվայնացման գործընթացը, արհեստական բանականության կիրառումը և հարկային վարչարարության նոր մոտեցումները։ Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ ՊԵԿ-ի համար մասնավոր հատվածի հետ անմիջական երկխոսությունը կարևոր է արդար և թափանցիկ միջավայրի ձևավորման տեսանկյունից՝ համահունչ Կոմիտեի առաքելությամբ և տեսլականով սահմանված առաջնահերթություններին։ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի մշակութային վերափոխումների գործընթացում ամբողջովին փոխվում է հարկային վարչարարության տրամաբանությունը․ «Շեշտը դրվում է հարկային կարգապահության բարձրացման, թվային և վերլուծական գործիքների ընդլայնման, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների համար հնարավորությունների ավելացման վրա։ Հարկային հսկողության ոլորտում, մասնավորապես, ավելի լայնորեն կիրառվում են տվյալների վերլուծության, ռիսկերի գնահատման և արհեստական բանականության գործիքները՝ նպաստելով ՊԵԿ-հարկ վճարող փոխվստահության ամրապնդմանը»։ Միաժամանակ, ընդլայնվում են հարկային պարտավորությունները պատշաճ կատարող տնտեսավարողների համար նախատեսված հնարավորությունները՝ խթանելով օրինապահ օրինապահ վարքագիծը և դրա տարածումը բիզնես միջավայրում։ ՊԵԿ-ի առաջիկա աշխատանքների շրջանակում նախատեսվում է արդիականացնել թվային համակարգերը, ընդլայնել առցանց ՀԴՄ-ի կիրառությունը, մաքսային ոլորտում առավել լայնորեն կիրառել արհեստական բանականության գործիքները։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանն էլ ներկայացրել է հարկ վճարողների ռեյտինգավորման համակարգի ներդրման նախատեսվող մոտեցումները, որոնք միտված են վարչարարությունն առավել հասցեական և թիրախային դարձնելուն։
Հանրային-մասնավոր երկխոսության նման ձևաչափերը հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել իրականացվող բարեփոխումները, այլև բիզնեսի անմիջական արձագանքի հիման վրա շարունակաբար կատարելագործել դրանց գործնական լուծումները։ Մասնակիցների գնահատմամբ՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարական և թվային փոփոխություններն արդեն իսկ նկատելի են։



