2026 թվականի սեպտեմբերի 21–24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հայնան նահանգի Սանյա քաղաքում անցկացվել է ՄԱԿ-ի Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային կոմիտեի (UN-GGIM-AP) 15-րդ լիագումար նիստը և դրան զուգահեռ՝ «Երկրատարածական գիտելիք և նորարարություն կլիմայական դիմակայունության և կայուն զարգացման համար» խորագրով միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ղեկավարի օգնական Ռուզաննա Խաչատրյանը:
Միջոցառման շրջանակում քննարկվել են երկրատարածական տեղեկատվության կառավարման, թվային փոխակերպման, արհեստական բանականության, կլիմայական դիմակայունության և կայուն զարգացմանն ուղղված ժամանակակից լուծումները, ինչպես նաև տարածական տվյալների արդյունավետ կառավարման և փոխգործունակության ապահովման հարցերը։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մասնակցել է միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկմանը՝ նվիրված երկրատարածական տեղեկատվության կիրառմանը արհեստական բանականության և կլիմայական դիմակայունության համատեքստում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային կոմիտեի աշխատանքային խմբերի նիստերին:



