Տնտեսագետ

ՊԵԿ-ը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Պետական եկամուտների կոմիտեն սեպտեմբերի 23-ին մասնակցել է Երևանի պետական համալսարանում անցկացված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբել էր ուսանողներին, շրջանավարտներին և գործատուներին՝ նպաստելով կրթության և աշխատաշուկայի միջև կապերի ամրապնդմանն, ուսանողների մասնագիտական կողմնորոշմանն ու նոր համագործակցությունների ձևավորմանը։

Էքսպոյի ընթացքում ՀՀ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության և ՊԵԿ ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներն այցելուներին ներկայացրել են Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, կառուցվածքը, պետական համակարգում մասնագիտական աճի հնարավորությունները և այլն։ ԵՊՀ ուսանողներն ու շրջանավարտներն ակտիվորեն հետաքրքրվել են ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու հնարավորություններով՝ տեղում ծանոթանալով Կոմիտեում առկա թափուր հաստիքներին, աշխատանքի ընդունման ընթացակարգերին, հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներին և այլն։

Ի դեպ, ՊԵԿ-ում առկա թափուր հաստիքների, պրակտիկայի և փորձնակության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը նախապես լրացվել և ուղարկվել է ԵՊՀ՝  միջոցառման շրջանակում ձևավորված տաղանդների ներգրավման միասնական հարթակի միջոցով։ Նույն հարթակի միջոցով ուսանողները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց ինքնակենսագրությունները՝ ՊԵԿ-ում հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները դիտարկելու նպատակով։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակում անցկացվել են նաև ոլորտային բանախոսություններ և թեմատիկ քննարկումներ։ «Կարիերայի լաբորատորիա» խորագրով պանելային քննարկման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը։ Կարիերայի զարգացման ուղիների, աշխատաշուկայի պահանջների, մասնագիտական հմտությունների և գործնական կապերի ստեղծման հնարավորությունների շուրջ քննարկումների համատեքստում՝ տիկին Միրզախանյանն ընդգծել է, որ այսօր, արհեստական բանականության գործիքների լայնորեն կիրառման պայմաններում, գործատուների ակնկալիքները երիտասարդ մասնագետներից փոխվում են․ «Մասնագիտական գիտելիքներից և հմտություններից բացի, այսօր կարևորվում է նաև մասնագետի ճկունությունը, արագ սովորելու և նոր գիտելիքներ յուրացնելու պատրաստակամությունն, արհեստական բանականության գործիքներին տիրապետելու հմտությունը և այլն»։

Հաշվի առնելով, որ ՊԵԿ-ը վերջին տարիներին հետևողականորեն զարգացնում է համագործակցությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու անհրաժեշտ աշխատուժի ձևավորմանը, նման միջոցառումներին Կոմիտեի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հիշեցնենք, որ այս նպատակով, 2026թ․ մայիսին ՊԵԿ-ի և ԵՊՀ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որով ուղենշվել են առաջիկա տարիների երկկողմ փոխգործակցության հիմնական ուղղություններն ու անելիքները։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top