Տնտեսագետ

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստին

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել  է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստին՝ նվիրված Անկախ պետությունների համագործակցության կազմավորման 35-ամյակին։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում ամփոփվել են Համակարգող խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները։ Կողմերը քննարկել են տնտեսական անվտանգության ապահովման, հարկային և ֆինանսական հանցագործությունների նոր սխեմաների բացահայտման, բյուջետային միջոցների հափշտակությանը հակազդելու, ֆինանսական հետաքննության ժամանակակից մեթոդների կիրառման, ինչպես նաև տեղեկատվության և գործնական փորձի փոխանակման հարցեր։

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը ներկայացրել է նաև վարչությունում իրականացվող որակական փոփոխությունները՝ ռիսկերի վերլուծության, թվային գործիքների կիրառման և համակարգային հարկային իրավախախտումների բացահայտման նոր մոտեցումների ներդրման ուղղությամբ։

ԱՊՀ կազմավորման 35-ամյակի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստել է Համակարգող խորհրդի պատմության և գործունեության վերաբերյալ հատուկ տեսանյութ, որն առաջին անգամ ցուցադրվել է Տաշքենդում՝ Խորհրդի 25-րդ նիստի շրջանակում։

Նիստով ավարտվել է Համակարգող խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածը, և Խորհրդի նախագահությունը փոխանցվել է Ուզբեկստանի Հանրապետությանը։

Նիստի շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։ ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվոգրով պարգևատրվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը, իսկ վարչության պետի տեղակալ, Համակարգող խորհրդի քարտուղար Վարազդատ Հայրապետյանին հայտարարվել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի շնորհակալություն։ Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունից Համակարգող խորհրդի անդամներին շնորհվել են ՊԵԿ «Փոխգործակցության և համագործակցության համար» մեդալներ՝ Խորհրդի շրջանակում արդյունավետ համագործակցության և փոխգործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար։ ՊԵԿ օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը պարգևատրվել է նաև Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կից տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top